Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Լավ կլիներ լռել

Լավ կլիներ լռել
19.10.2017 | 22:19

Երբեմն պաշտոնյաներն այնպիսի հայտարարություններ են անում, որոնք ավելի շատ են իրենց վարկանիշը գցում, քան տվյալ իրավիճակը «փրկում»: Այդպես են նաև թանկացումների վերաբերյալ վարչապետի պարզաբանումները: «Նախ և առաջ թանկացումներն այնքան շատ չեն, ինչպես որ ներկայացնում են՝ կարագն է, բենզինն է, մսամթերքն է՝ 10 տոկոս, և ձուկը, բայց շատ ապրանքներ կան, որոնք էժանացել են։ Ինչ վերաբերում է արտաքին շուկային, օրինակ՝ կարագը մեկ տարվա մեջ 50 տոկոս է թանկացել, այն դեպքում, երբ որ միջազգային շուկայում 87 տոկոս է թանկացել։ Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքենք։ Մենք չենք կարող այդ գները զսպել։ Այլ խնդիր է, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի մեր քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել։ Այդ ամեն ինչին համբերատար պետք է վերաբերվել»,- ասում է Կարեն Կարապետյանը: Սա նախ ծաղր է հանրությանը, քանի որ ինչ է նշանակում համբերել:

Ինչքա՞ն համբերել, երբ մարդիկ հույսը կորցրած երկրից փախչում են, համբերող էլ չի մնում: Կամ` համբերողներին ի՞նչ հույս եք տալիս, որ հաջորդ տարի՞ էլ աշխատավարձն ու թոշակը չեն բարձրանա: Աղքատության եզրին հայտնված մարդը տեղ ունի՞ էլ համբերելու:


Սակայն վարչապետի խոսքում միայն սա չէ, որ անընդունելի է: Եթե ոչ վարչապետը, գոնե հաջողված բիզնեսմեն Կարեն Կարապետյանը պետք է շատ լավ իմանար, որ եթե կարագը, բենզինը, մսամթերքը, ձուկը թանկանում են, դա չի նշանակում, որ միայն այդ ապրանքների գինն է բարձրանում, նշանակում է, որ դրանցից պատրաստված յուրաքանչյուր սննդամթերքի գինն է բարձրանալու: Իսկ միայն կարագի զգալի թանկացումը կհանգեցնի շատ ապրանքների թանկացման: Եթե վարչապետը չի ցանկանում իրավիճակը ներկայացնել ինչպես որ կա, ճշմարտությունն ասել, դա դեռ չի նշանակում, որ նա կարող է հանրությանը, կոպիտ ասած, «անհասկացողի» տեղ դնել:


Չնայած մի հուսադրող բան, այդուհանդերձ, կա նրա խոսքում, այն է` «բարենպաստ պայմաններ ստեղծենք, որ մեր քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել»: Սակայն, ավաղ, այդ միտքն էլ, բախվելով իրականության հետ, փոշիանում է, տնտեսական վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ, ներդրումներ չկան, իսկ մարդիկ ամեն օր չեն կարող «էժան» հնդկաձավար ու բրինձ ուտել։ Իսկ ամեն եկող պաշտոնյա ասում է` ժողովուրդ, համբերեք: Ժողովուրդն արդեն քանի տարի համբերում է և հանդուրժում իր գլխին «քարոզներ կարդացող», բայց ոչինչ չանող, իր հաշվին միլիարդներ դիզող և դիզած, իրեն աղքատության մեջ պահող պաշտոնյաներին: Հո ժողովուրդը որբի գլուխը չէ, որ ով ինչ ուզի, անի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ